Թելադրություն

Մի երեկո էր, սովորական ժամին՝ պատանի երաժիշտը, ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած, իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. Ջութակը մերթ կանչում էր հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր հուսահատական վերջին ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց. նախ մի դրամ զրնգաց գետնին, և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժիշտի ոտքերի առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.

«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։ Մենք վերևն ենք, դու՝ ներքևը, էլ մի գա։ Մոռացիր ինձ»։