Արագությունը ՝ հարյուր քսան կաթիլ մի ժամում

Կա՜թ…

Կա՜թ…

Մի անգամ էլ… Երկու, տասը քառասուն, հարյուր քսան։ Մի ժամում՝ հարյուր քսան կաթիլ (կամ էլ՝ հարյուր քսաներկու) ։ Ասում ես, է, էդքան ջրով մի լավ բաժակ սուրճ կխմեի, կամ էլ ևս մի ժամ կսպասեի ու տաք թեյ կխմեի։ Այդ ինչքա՜ն է կաթում առաստաղից, մեկդ տանիքը նորոգեք, էլի։

Կարոտել եմ, անչափ…

Չես հավատա, բայց կարոտել եմ խեղդող ցավին, արցունքներից թաց հագուստին։ Աչքերիս կողքերը տրորելուց մնացած՝ կաս-կարմիր հետքերին։ Կարոտել եմ սրտիս լարերը քաշել-պոկելու չափ դառը բառերին։ Կեղծ ու գերևարող, կամ էլ պարզ ու կատարյալ հանգստության մեջ ննջող աչքերի կարոտին եմ կարոտել։ Կարոտել եմ կայծին, պայծառ ու բոցկլտացող աչքերին։ Ոչ տեղին կատակներին, ու ծիծաղը կիսազսպած՝ ամոթից կարմիր դեմքերին։

Դե, մի անգամ ակա՛նջ դիր հարևաններին, մի՛ ամաչիր, արա դա։ Տե՛ս, տուրուդմփոց, աղաղակ, սիրտը կտոր-կտոր անող ճիչ։ Մյուսի տանն էլ՝ հաճելի ջազ, սեր։ Թե ո՛նց կուզեի գոնե մի բան զգալ։ Երդվում եմ, ուզածս սեր չէ։ Ուզածս կյանքն է, կյանքը։ Չեմ ուզում լինել սիրո մառախուղի մեջ, ես ուղղակի ապրել եմ ուզում։ Չեմ ուզում լսել, թե ինչքա՜ն են սիրում ինձ, բայց չեմ էլ կարող լռությանը դիմադրել։

Բա հիմա՞, հիմա ինձ հպարտ եմ զգում, որ գիտեմ, որ մի ժամում հարյուր քսան (կամ էլ հարյուր քսաներկու) կաթիլ ընկնում է պատի տակի դույլի մեջ։ Կաթիլնե՞ր, չէ՛. ասես հսկայական մետաղյա գնդեր լինեն։

Մե՜կ, երկու՜, դե՜, նորից, նորից, զզվել եմ արդեն։ Լռության մեջ ձայներ եմ ստեղծում, աճեցնում, իսկ հետո իմ իսկ ցնորքը, որն ի սկզբանե զբաղմունք էր, ձանձրույթի դեղ, զվարճանք, կոտրում է դու՛յլն էլ, հատակն էլ։ Դե, ի՞նչ արած… Հիմա էլ մետաղյա գնդակները հաշվեմ պիտի։